ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Գերագույն օրենքը հասարակության առողջությունն է

Գերագույն օրենքը հասարակության առողջությունն է
11.12.2013 | 17:20

Թեև ոչ հաճախ, մեկ էլ տեսար թերթում, բանավեճի ընթացքում, կամ հարցազրույցների ժամանակ մի որևէ պաշտոնյա գովեստի թունդ խոսքեր ուղղեց առ ավելի բարձր պաշտոնյա։ Դա լա՞վ է, թե՞ վատ, կամ ինչպե՞ս է դա ընկալվում հասարակության տարբեր շերտերի կողմից, դժվար է ասել։ Ա՛յ, եթե համոզված լինես, որ այդ խոսքերը բխում են հոգու խորքից, անկեղծ են և հնչում են որպես երաշխիքի խոսքեր՝ հասարակության լայն շերտերին աջակցելու համար, գուցե ինչ-որ տեղ ընդունելի է, բայց, այնուամենայնիվ, կասկածի տեղ կա՝ արդյո՞ք դա իր մեջ չի պարունակում հաճոյանալու, ինչ-որ ակնկալիքներ ստանալու էլեմենտներ։ Իսկ որ դա առկա է մեր հասարակության մեջ (և ոչ միայն մեր), փաստ է։ Հիշում եմ տարիներ առաջ «Ոզնու» մի էջում տպագրված ծաղրանքը. բժշկին է դիմում մի կուզիկ հիվանդ և հարցնում, թե իր կուզիկության պատճառը ստորաքարշությո՞ւնն է, թե՞ տրանսպորտում կռացած երթևեկելը։ Սակայն ճշմարիտ է նաև այն, որ ցանկացած ղեկավարի գործը, պարտականությունների անշահախնդիր կատարումը՝ սկսած գյուղապետից, արժանի են հարգանքի, մեծարման և նրանց հանդիպելիս բացի բարևելուց, պետք է նաև թեթևակի գլուխ խոնարհել, ինչպես մեզնից յուրաքանչյուրը պետք է անի Հայաստանի դրոշը, զինանշանը տեսնելիս կամ հիմնը լսելիս։ Այնուամենայնիվ, ո՛վ պետք է իրավունք ունենա մեծարելու և հարգելու ղեկավարին։ Միանշանակ պարզ է. ոչ թե ինչ-որ անհատներ իրենց հեռակա նպատակներին հասնելու ակնկալիքով, այլ նաև հարյուր-հազարավոր հասարակ մարդիկ (աղքատներ, կիսաաղքատներ, միջին խավ), ովքեր կազմում են երկրի բնակչության հիմնական մասը, ովքեր պահանջում են իրենց համար արժանապատիվ կյանքի ապահովում։ Դարեր առաջ հնչած լատինական այս թևավոր խոսքը՝ Salus populi-Suprema lex, հուշում է ղեկավարին, որ իր համար գերագույն օրենքը հասարակության առողջությունն է, առողջ ապրելակերպը, իսկ մնացած բոլոր գործողությունները ստորադաս են։ Ճիշտ է, մենք էլ մեր թևավոր խոսքը ունենք՝ «Եղունգ ունես՝ գլուխդ քորի», քանի դեռ քորելու տեղ կա ու տեղ ունես (մեզ մոտ լավ էլ հարգված խոսք է)։ Այսպիսով՝ հասարակություն-ղեկավար կապը շատ պարզունակ է.՝ մեկն ապահովում է հասարակության առողջ ապրելակերպը, մյուսը հարգում և մեծարում է նրան, և եթե մի պաշտոնյա է դա անում, նա ժողովրդից խլում է իր այդ իրավունքը։ Եթե չի պաշտպանվում այդ սկզբունքը, ուրեմն հասարակության ղեկավարման մեջ ինչ-որ բան թերի է։ Հասարակ ժողովուրդն էլ արժանի է մեծարման և հարգանքի (ոչ միայն ընտրությունների ժամանակ), որպես երկրի հիմնական պաշտպանական ուժ ապահովող, որպես հերոսներ, գիտնականներ, երաժիշտներ, պետական գործիչներ և այն ծնողի, պարզապես որպես արարող։

Ցավալի է, երբ այսօր ժողովրդի մեջ կան աղքատներ, որ հիմա էլ կան ընտանիքներ, որտեղ երեկոյան ժամերին երեխաներն ասում են. «...նանի, նունի հաց ենք ուզում, վեր կաց, նանի, հաց տուր մեզ» (Հ. Թ.)։
Վերջերս հեռուստատեսությամբ ցույց տվեցին 13-ամյա գյուղացի մի տղայի, որ նախիր էր արածեցնում, որ մի փոքր թեթևացնի ընտանիքի հոգսը, և դպրոց չէր հաճախում ու երազում էր հեռուստացույց ունենալու մասին։ Իսկը մեր օրերի Գիքոր։
Մի հարցազրույցում լուսահոգի Ս. Կապուտիկյանը խոստովանում էր, որ ինքը չի ուրախանում, երբ մեկը հարստանում է, բայց տխրում է, երբ մեկն աղքատանում է։ Հասարակության մեջ չպետք է լինեն բողոքավորներ, մանավանդ սոցիալական հարցերով, իսկ տարբեր բերաններից հնչած «իմ ժողովուրդը», «մեր իմաստուն ազգը» արտահայտությունները փոխարինվեն «առողջ կենցաղով ապրող մեր ժողովուրդ»-ով։
Իսկ շա՞տ բան է ուզում հասարակության մեծ մասը պետությունից՝ իրեն առողջ զգալու համար։ Կարծես՝ ոչ։ Ինչպես խոստովանում էր մի գյուղացի, այնքան լավ լինի, որ «ճողվածքը» վիրահատելու համար ստիպված չլինի վաճառելու երեխաների, ապրուստի միակ միջոցը՝ կովը, իսկ մի լուրջ վիրահատության պատճառով զրկվի ողջ կարողությունից։ Ինչևէ, եթե անհրաժեշտ է հարգել, մեծարել, նույնիսկ գովեստի խոսքեր ասել որևէ ղեկավարի, ապա միայն լատինական այդ թևավոր խոսքի պայմաններում՝ Salus populi-Suprema lex։


Ռաֆիկ Տեր-ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բժիշկ

Դիտվել է՝ 28004

Մեկնաբանություններ